7 փետրվարի 2018 - 10:53 AMT
Շվեյցարիայի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունը 3,6 անգամ աճել է

2017 թվականին Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 3,6 անգամ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Պետք է հետևողականորեն շարունակենք մեծացնել ձեռքբերումները երկկողմ տնտեսական կապերում: Վստահ ենք, որ Հայաստանը շվեյցարական կապիտալի համար կարող է հետաքրքիր լինել՝ հաշվի առնելով մեր երկրի առևտրային արտոնյալ ռեժիմները ԵԱՏՄ, ԵՄ -ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Դոմինիկ դը Բյումանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, այդ թվում՝ գինեգործության ոլորտում գործակցության զարգացումը և տեղեկացրել, որ շվեյցարական գինեգործական մեծ ավանդույթներ ունեցող խոշոր ընկերություններից մեկն արդեն իսկ փոխգործակցություն է հաստատել հայաստանյան գործընկերների հետ:

Նա կարևորել է նաև գործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, ՀՀ-ում արտադրվող արևային վահանակների արտահանման ուղղությամբ, ինչպես նաև՝ դեղագործության, զբոսաշրջության բնագավառներում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի խոսքով, Հայաստանն իր գրավչությամբ կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել շվեյցարացիների մոտ: