7 մարտի 2008 - 16:08 AMT
ԱՄՆ-ին անհանգստացնում է Հայաստանում առկա լարվածությունը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման հիմնական թեման եղել է Հայաստանում հետընտրական շրջանում ստեղծված իրավիճակը եւ դրանից հնարավորինս արագ դուրս գալու հնարավորությունները: Ընդգծելով իշխանությունների պատասխանատվությունը երկրում կայունության, անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման գործում, Նախագահն ասել է, որ ձեռնարկված բոլոր միջոցները թելադրված են ստեղծված իրավիճակից: Դրանց հիմնական նպատակն է վիճակը կայունացնել, չեզոքացնել վտանգները եւ գործընթացներն վերադարձնել իրենց բնականոն հուն: Մեթյու Բրայզայի խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությամբ հետեւում է Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Հասկանալով երկրում կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության քայլերը, ամերիկացի դիվանագետը միաժամանակ նշել է, որ իրենց անհանգստացնում է առկա լարվածությունը: Նա կարեւորել է բոլորի կողմից պատասխանատվության դրսեւորումը եւ լարվածության հնարավորինս արագ թուլացումը: Մեթյու Բրայզան Նախագահի հետ քննարկել է նաեւ այս իրավիճակում գործող որոշակի սահմանափակումների հետ կապված հարցեր: