7 փետրվարի 2018 - 15:53 AMT
Էրդողանը «նախանձել է» Հռոմի պապի աթոռին և իր համար էլ է նույնից պահանջել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փետրվարի 5-ին Վատիկանում ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Սա Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Վատիկան 59 տարվա ընթացքում:

Սակայն, ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, Հռոմի պապն անհարգալից է վերաբերվել Էրդողանին: Հանդիպման ժամանակ, որը 1 ժամից ավելի է տևել, Թուրքիայի նախագահին աթոռ են առաջարկել, որը տարբերվում էր Ֆրանցիսկոսի հարմարավետ բազկաթոռից, գրում է BAKU.WS-ն:

Ինչպես երևում է լուսանկարում, Էրդողանին կողքի հենակներ չունեցող աթոռ են առաջարկել, ավելի ցածր ու նեղ թիկնակով, մինչդեռ Հռոմի պապն ուներ ավելի բարձր բազկաթոռ ձեռքերի համար նախատեսված հենակներով, լայն թիկնակով և ոսկեզօծ շրջանակով: Երևում է, որ սենյակում, որտեղ անցնում էր հանդիպումը, ևս մի քանի նման բազկաթոռ կար դրված, սակայն Էրդողանի համար այլ աթոռ են բերել: Տեսնելով դա՝ Էրդողանը կտրուկ է արձագանքել: Նա անհապաղ պահանջել է, որ իր աթոռը փոխարինեն Հռոմի պապի բազկաթոռին նման բազկաթոռով:

Նրա համար բերել են այդպիսի բազկաթոռ և հանդիպումը շարունակվել է:

Էրդողանն ու Հռոմի պապը մասնավորապես քննարկել են Երուսաղեմի կարգավիճակը, Անկարայի ու Վատիկանի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչությունը, այլատյացության և իսլամաֆոբիայի հարցեր:

Ընթերցեք նաև.Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ Էրդողանի