Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվերթների շաբաթական քանակը կարող է ավելանալ, այդ հնարավորությունը քննարկվում է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալովը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթներ կազմակերպելու հնարավորությունը:
Զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարապետյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպմանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տարանցիկ ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթների ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները: