7 փետրվարի 2018 - 19:03 AMT
Ինչպես 31-ամյա ծրագրավորողը դարձավ 2-րդ դասարանի լավագույն աշակերտներից անվանակցի փոխարեն

Երբեմն միևնույն անունն ու ազգանունն ունեցող մարդիկ փաստաթղթային խնդիրներ են ունենում, 21-րդ դարում ավելի հաճախ խնդիրներ են ունենում էլեկտրոնային հասցեների հետ: Այսպիսի մի զավեշտալի դեպքի մասին էլ պատմում է PanARMENIAN.Net -ը:

Հունվարի կեսերին երևանաբնակ 31-ամյա ծրագրավորող Արմենը նկատեց, որ իր էլեկտրոնային փոստի հասցեին նամակ է եկել «ԻմԴպրոց» կրթական ինտերնետ-ռեսուրսից:

«ԻմԴպրոց» կայքը կրթական ինտերնետ-ռեսուրս է նախադպրոցական երեխաների, դպրոցականների, ուսանողների, մանկավարժների և ծնողների համար:

Ըստ ստացված նամակի՝ նա 2-րդ դասարանի աշակերտ Արմենն էր, որին կայքը ստուգողական աշխատանք էր ուղարկել՝ նշելով ուսուցչուհու անունն ու աշխատանքի կատարման ժամանակահատվածը: Պարզ էր, որ ինչ-որ մեկը պատահաբար նրա էլեկտրոնային հասցեով է գրանցվել: Արմենը, իհարկե, այդ հետաքրքիր նամակով կիսվեց Facebook սոցիալական ցանցում՝ նշելով գրառման մեջ նաև «ԻմԴպրոցը», սակայն ռեսուրսից որևէ արձագանք չստացավ:

«Հիմա ստիպված շաբաթը մեկ ստուգողականներ պիտի գրեմ: Մտածում եմ՝ 21-րդ տեղից հայտնվեմ համադասարանցիների Top 3-ի մեջ»,- կատակեց այդ ժամանակ Արմենը, բայց կատարեց խոստումը, մոտ երկու շաբաթ անց մտնելով դասարանի լավագույն աշակերտների հնգյակի մեջ:

Մեզ հետ զրույցում երիտասարդ ծրագրավորողը պատմեց, որ մաթեմատիկայի 1 ստուգողական աշխատանք է կատարել տղայի փոխարեն և մաթեմատիկային ու մայրենի լեզվին վերաբերող տասնյակից ավելի թեստեր լրացրել, ինչից էլ կուտակվել են միավորները:

«Սպասել եմ, որպեսզի համոզվեմ, որ այդ երեխան հաստատ չի անում ստուգողականը, նոր ես եմ արել: Չնայած նա չի էլ կարող անել, որովհետև իմ e-mail-ով է գրանցված, չի կարող մուտք գործել համակարգ: Արված թեստերի միավորները գումարվել են ստուգողականի միավորներին, ու բարձրացել եմ 5-րդ հորիզոնական»,- պարզաբանեց Արմենը:

Նրա խոսքով՝ լրացրել է նաև ծրագրավորման թեստեր, բայց դրանք բարձր դասարանների առաջադրանքներ են, ուստի չեն գումարվել այն միավորներին, որոնցով հնարավոր է տեղ զբաղեցնել համադասարանցիների Top-ում:

«5-րդ հորիզոնականից վերև գտնվող աշակերտները բավականին բարձր միավորներ ունեն, պիտի մոտ 50-100 թեստ անեմ, որ նրանց հասնեմ, բայց չեմ ուզում անել, որ վնաս չտամ մնացածին»,- պատմեց Արմենը, հավելելով, որ կշարունակի միայն ստուգողականները, քանի որ դրանք վերջնաժամկետ ունեն, և եթե չարվեն, երեխան կարող է զրկվել միավորներից:

Երեխայի ազգանունը, ինչպես նաև բնակության վայրն ու դպրոցը չեն նշվում նրան չվնասելու նկատառումներով: Ինչևէ, ինչ-որ տեղ ոմն փոքրիկ Արմենի բախտը բերել է. նա ազատվել է մաթեմատիկայի ստուգողականների ծանր բեռից: Տեսնես՝ ի՞նչ է մտածում նրա ուսուցիչը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net