7 մարտի 2008 - 17:14 AMT
Լեռնային Ղարաբաղում PPK-ի դեմ թուրք-ադրբեջանական համատեղ գործողությունների մասին տեղեկատվությունը անհեթեթություն է
«Լեռնային Ղարաբաղում Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) գրոհայինների դեմ թուրք-ադրբեջանական նախապատրաստվող գործողությունների մասին պարբերաբար հայտնվող տեղեկատվությունը տարբեր ԶԼՄ-ներում այնպիսի անհեթեթություն է, որ դրանք անգամ մեկնաբանել չարժէ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, այդ լուրերը ժամանակ առ ժամանակ հայտնվում են ԶԼՄ-ներում: «Այդ լուրերը ոչ այլ ինչ են, քան հերթական սուտ բնակչության ապատեղեկատվության համար»,- ընդգծել է Բալայանը:

Հիշեցնենք, որ մակեդոնական Makfax գործակալությունը, հղում անելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի վրա, հաղորդել է, որ Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մտադիր է ռազմական գործողություն կատարել Լեռնային Ղարաբաղում քուրդ գրոհայինների դեմ: Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթը», «նույնիսկ ԱՄՆ-ն է հավանություն տվել այդ քայլին»: Ասվում է, որ արդեն ձեւավորվել է թուրք-ադրբեջանական շտաբ: