8 փետրվարի 2018 - 10:35 AMT
2018-ի հունվարին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1%-ով

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189 177 մարդ, որը 9.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:

2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը:

«Զվարթնոց» օդանավակայանում 2018-ի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 892 տոննա ապրանք: Նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը կազմել է 965 տոննա ապրանք:

2018 թվականի հունվարին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11%-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Փետրվարի 7-ին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Ուղևորահոսքն ավելացնելու նպատակով պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը: