8 փետրվարի 2018 - 10:57 AMT
Թանկյանի նախաձեռնությանը հազարավոր հայտեր են ներկայացվել. Ընտրվել է լավագույն 100-ը

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի «7 նոտա» նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել աշխարհում՝ հազարավոր դիմումներ են ստացվել տասնյակ երկրներից: System of a Down-ի երաժիշտը ներկայացրել է 7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորը սկսվում են միևնույն 7 նոտայով։

2017-ի հոկտեմբերին System of a Down-ի երաժիշտը, Creative Armenia-ի հետ համատեղ, մարտահրավեր նետեց երաժիշտներին ողջ աշխարհով մեկ՝ ստեղծելու մեղեդիներ, որոնք կսկսվեն Սերժ Թանկյանի առաջարկած 7 նոտայով։

Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանկյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն է տեղ գտել կայքում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը։ Այս 100-ից միայն մեկն է ստանալու 5.000 դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ՝ փետրվարին։

Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր և հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը և հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանկյանը։