8 փետրվարի 2018 - 11:53 AMT
Ալեքսիս Օհանյանը հեռանում է Reddit-ից

Ամերիկահայ միլիոնատեր, սոցիալական նորությունների հայտնի Reddit համացանցային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ այլևս ամենօրյա գործունեությամբ չի զբաղվի ընկերությունում: Նա գործունեություն կծավալի վենչուրային Initialized Capital ընկերությունում:

Օհանյանը, սակայն, կպահպանի տեղը Reddit ընկերության խորհրդում: Նա հայտարարել է, որ 2005-ին հիմնված ընկերությունը 2017-ին 200 մլն դոլար եկամուտ է ունեցել և գնահատվում է 1,8 մլրդ դոլար՝ հավելելով, որ լավ ձեռքերում է թողնում ընկերությունն ի դեմս համահիմնադիր Սթիվ Հաֆմանի, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ Օհանյանի, որոշում կայացնելիս նա հաշվի է առել մի շարք անձնական և մասնագիտական հանգամանքներ, այդ թվում ամուսնությունը թենիսի աստղ Սերենա Ուիլյամսի հետ և նրանց դստեր՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի ծնվելը:

Ընկերությունը հայտնի է ներդրումային ծրագրերով, այդ թվում թվային արժույթների փոխանակման Coinbase և Instacart առցանց ծառայություններում իր ներդրումներով:

Օհանյանից բացի Initialized Capital-ի համահիմնադիրն է Հարրի Թանը:

Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որը 2017-ին ընդհատել էր ելույթները հղիության պատճառով, 3090 գ քաշով աղջիկ է ունեցել: Ծննդաբերությունն անցել է Ֆլորիդայի նահանգի կլինիկայում:

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի ամերիկահայ գործարար է, ակտիվիստ և ներդրող Բրուքլինում, նա հայտնի է իր սոցիալական նորությունների Reddit կայքով, օգնում է գործարկել ճանապարհորդության որոնման կայքը Hipmunk, և սկսել է գործարկել սոցիալական ձեռներեցության Breadpig կայքը։ Նա Y Combinator-ի գործընկերն է, ինչպես նաև Reddit-ի գործադիր տնօրեն։ 2009 թվականին Reddit-ից հեռանալուց հետո, Ալեքսիսը 3 ամիս աշխատեց Միկրոֆինանսում որպես Կիվայի ներկայացուցիչ: