8 փետրվարի 2018 - 12:24 AMT
Yandex.Տաքսին ու Uber-ն ավարտել են միավորումը. Ծառայությունը կգործի նաև ՀՀ-ում

«Yandex.Տաքսին» և Uber-ը ավարտին են հասցրել իրենց ծառայությունները Ռուսաստանում և հարևան երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում միավորելու վերաբերյալ գործարքը:

2017-ին հայտարարվել էր ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Ղազախստանի մոտ 130 քաղաքում ընկերությունների ծառայությունները միավորելու ծրագրի մասին:

Uber-ը $225 մլն է ներդրել, իսկ Yandex-ը՝ $100 մլն նոր միավորված ընկերության համար: Դրա արժեքը գնահատվում է ավելի քան $3,8 մլրդ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ միավորված ընկերությունը կգլխավորի Տիգրան Խուդավերդյանը: Միավորումից հետո պատվերների համար նախկինի պես հասանելի կլինեն 2 հավելվածները՝ «Yandex.Տաքսին» և Uber-ը: Վարորդները մեկ միասնական հարթակում կմիավորվեն, ինչը թույլ կտա նրանց մեկ հավելվածում պատվերներ ստանալ ինչպես «Yandex.Տաքսիից», այնպես էլ Uber-ից:

Երևանում «Yandex.Տաքսի»-ին գործում է 2016-ի հուլիսի 1-ից: Ուղևորության նվազագույն վարձավճարը՝ 200 դրամ է: Այդ գումարով կարելի է 2 կմ անցնել, հետո յուրաքանչյուր կիլոմետրին ավելանում է 100-ական դրամ: Այժմ Երևանում այդ հավելվածով մոտ 1000 մեքենա է աշխատում: