8 փետրվարի 2018 - 14:59 AMT
«Ռոստելեկոմը» կարող է հեռանալ Հայաստանից

Ռուսական հեռահաղորդակցային «Ռոստելեկոմ» ընկերությունը կարող է վաճառել Հայաստանում գործող դուստր ձեռնարկությունը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Միխայիլ Օսեևսկին:

«Մենք խնդիր չենք դնում այդ բիզնեսը վաճառելու: Սակայն, ինչպես վկայում է այլ գլոբալ խաղացողների փորձը, այդպիսի գործակցության արդյունավետությունը միշտ չէ, որ արդարացված է: Ամեն դեպքում տարբեր են օրենսդրությունները, այլ է հաճախորդների բազան, պրոդուկտները: Ուստի մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը Հայաստանում: Այդ թվում վաճառքի միջոցով»,-ասել է Օսեևսկին, գրում է RNS-ը:

Ռոստելեկոմ Հայաստանը («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, ապրանքանիշ՝ «Ռոստելեկոմ», «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) 2012թ․ դեկտեմբերի 18-ից մատուցում է լայնաշերտ ինտերնետի, Սմարթ IP հեռուստատեսության և որակյալ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։ Ռոստելեկոմի օպտիկամանրաթելային մալուխը և նրա միջոցով մատուցվող որակյալ և նորարական ծառայությունները հասանելի դարձան Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքների բնակիչների համար։