8 փետրվարի 2018 - 14:46 AMT
Քոչարյան. ՌԴ-ն իր մնայուն քաղաքականությունն ունի ԼՂ հարցում

Ռուսաստանն իր մնայուն քաղաքականությունն ունի ԼՂ հարցում: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո:

Նա նշել է, որ հակված չէ պայմանավորել Ռուսաստանի ակտիվությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում այնտեղ սպասվող նախագահական ընտրություններով:«Դա այդքան էլ չէի կապի կոնկրետ ընտրությունների հետ: Ռուսաստանն իր քաղաքականությունն ունի և այն մնայուն է», - նշել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը:

ԱԳ փոխնախարարը հավելել է, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ ահրարժեշտ են համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:

«Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում», - ասել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ինտենսիվ բանակցությունները Ադրբեջանում նախագահական ընտրություններից և Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո: Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը: