8 փետրվարի 2018 - 16:59 AMT
Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների հետ

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն հանդիսանում է Իրանի հետ բարեկամության խմբի նախագահ և Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման նոր համակարգի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ։

Արմեն Սարգսյանը նաև հանդիպում է ունեցել պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Լինելով Ֆրանսիայի քաղաքացի, Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում, այդ թվում ՄԹ-ում։ Միևնույն ժամանակ նա ներկայացնում է բրիտանա-ֆրանսիական համայնքի շահերը Ֆրանսիայի Ազգային ժողովում։

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։

Ընթերցեէք նաև.Արմեն Սարգսյանն ու Բրիտանիայի պետնախարարը քննարկել են ԼՂ կարգավորումը