8 փետրվարի 2018 - 17:25 AMT
Պահանջների խախտմամբ հրավառությունների համար 1-2 մլն դրամ տուգանք կսահմանվի

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի նախագծի փոփոխություններով կառավարությունն առաջարկում է խոշոր չափի տուգանք սահմանել սահմանված կարգի խախտմամբ հրավառություն իրականացնելու դեպքերում։

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ կանոնների, պահանջների խախտմամբ առաջին անգամ հրավառության իրականացումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 1 մլն դրամով, հայտնում է Aysor.am-ը։

Նույն արարքն առաջին տուգանքի նշանակման օրվանից հաշված մեկ տարվա ընթացքում կրկնելը հանգեցնում է տուգանքի նշանակում՝ 2000-ապատիկի չափով, այսինքն՝ 2 մլն դրամով։

Երրորդ անգամ արդեն, ըստ փոխքաղաքապետի, խախտում թույլ տվողին կասեցնում կամ զրկում են այդ գործունեությունը իրականացնելու թույլտվությունից։

Նախատեսվում է նաև տուգանք գիշերային ժամերին լռության խախտման դեպքում. տուգանքը կլինի նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։

«Եթե 23:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն նա խախտում է լռությունը հրագործական առարկաների օգտագործմամբ, ապա այդ դեպքում առաջին անգամ տուգանքը սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ երկրորդ դեպքում՝ երկուհարյուրապատիկի չափով», - ներկայացրել է Կամո Արեյանը։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է օրինագիծը, որն ընդունելուց հետո կընդունվեն կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն չափորոշիչները։

«Օրենքի փաթեթը բերվել է կարգավորելու հարաբերությունները։ Երբ Երևանի ավագանու կողմից կսահմանվեն վարչական տարածքներում հրավառությունների կազմակերպման վայրերը, չափերը, տեղանքները տևողությունը, այն ժամանակ նոր կարելի է խոսել պատժիչ մեխանիզմներից», - հայտարարել է Կամո Արեյանը։