9 փետրվարի 2018 - 12:07 AMT
Փորձագետ. ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ երազում էր վարձակալել Մխիթարյանին

Ռուսաստանի պրեմիեր լիգայի առնվազ 2 ակումբ երազում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վարձակալել: Այդ մասիսն հայտարարել է հայտնի ռուսաստանցի մեկնաբան և ֆուտբոլի ոլորտի փորձագետ Նոբել Առուստամյանը՝ անդրադառնալով հայ ֆուտբոլիստի տրանսֆերին «Արսենալ»:

29-ամյա Մխիթարյանը 2018-ի հունվարին փոխանակումով ՄՅՈւ-ից տեղափոխվեց «Արսենալ» հարձակվող Ալեքսիս Սանչեսի փոխարեն:

«Մենք գիտենք, որ Մխիթարյանի համար հեշտ չէր «Մանչեսթեր Յունայթեդի» և Ժոզե Մոուրինյոյի պարագայում, բայց նա, այնուամենայնիվ ֆուտբոլն ընտրեց: Նա մնաց Անգլիայում, թեև ես անձամբ ՌԴ պրեմիեր լիգայի առնվազն 2 ակումբ գիտեմ, որոնք ցանկանում էին, երազում էին վարձակալել Մխիթարյանին գոնե առաջիկա կես տարվա համար՝ հասկանալով, որ չեն կարող վճարել ՄՅՈւ-ից նրա տրանսֆերի համար»,-ասել է Առուստամյանը, գրում է sports.ru-ն:

Նա հավելել է, որ ակումբները փորձեր ձեռնարկել են և դիտարկում էին հայ կիսապաշտպանին մինչև խաղաշրջանի ավարտը վարձակալելու հնարավորությունը, սակայն Հենրիխը գերադասեց խաղալ Եվրոպայում: «Առայժմ մենք նրան Ռուսաստանում չենք տեսնի: Բայց, գուցե, մի քանի տարի հետո նա այնուամենայնիվ խաղա ՌԴ-ում»,-ասել է փորձագետը:

Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին՝ 1,5 տարի անցկացնելով ՄՅՈւ կազմում: Հայ կիսապաշտպանը չկարողացավ հարմարվել Մոուրինյոյի ղեկավարած թիմին և փոխանակվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Լոնդոնյան ակումբի կազմում երկրորդ իսկ խաղում, «Էվերթոնի» հետ, Մխիթարյանը 3 գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: