Փորձելով դուրս գալ ճգնաժամից՝ Ադրբեջանն արդեն երկրորդ տարին փորձում է հումքային արտադրությունը փոխարինել մեկ այլ հումքային արտադրությամբ: Պաշտոնյաները բամբակն անվանում են «սպիտակ ոսկի», գրում է BBC-ին:
Ըստ պարբերականի, բամբակի արտադրությունն Ադրբեջանում իրոք աճել է 2 տարում մի քանի անգամ, սակայն գյուղացիները դժգոհ են՝ ոմանց առանց մեծ շահույթի ստիպում են բամբակ աճեցնել, մյուսներից խլում են արոտավայրերը:
Ըստ պարբերականի, Ագագուլու Քարիմովն, օրինակ, 10 հեկտար բամբակ է մշակել և վնաս է կրել: Նա հավելել է, որ այդքան պարտքեր չէր ունենա, եթե որակյալ ջուր լիներ:
Գյուղացիները նաև բողոքում են նոր ներկրված տեխնիկայից, որով, նրանց խոսքերով, տեղացիները չեն կարողանում աշխատել: Ոմանք բողոքում են, որ մասնագետների պակաս կա, իսկ իրենք գյուղացիները չգիտեն, թե ինչպես է պետք բամբակը մշակել:
Ինչպես գրում է պարբերականը, բամբակի մշակումը զարգացնելու Ադրբեջանի ձգտումը բացատրվում է տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և «նավթային կախվածությունից ձերբազատվելու» ձգտումով:
2017-ին Ադրբեջանից արտահանվել է 13,8 մլրդ դոլարի ապրանք, ընդ որում 88,5%-ը նավթ, նավթամթերք ու գազ:
Ըստ տնտեսագետների ու անասնապահների, այդ քաղաքականության արդյունքում աճում են մսի գները, քանի որ արոտավայրերի կրճատման պատճառով կրճատվում է անասունների գլխաքանակը: Ըստ Պետվիճկոմի, եթե Ադրբեջանը նախկինում 15-20 մլն դոլարի միս էր ներմուծում, ապա արդեն 2016-ին՝ 38,6 մլն դոլարի, իսկ 2017-ին՝ 63 մլն դոլարի:
Պարբերականը նշում է, որ երբեմն բամբակի բերքը չեն էլ հավաքում, քանի որ հավաքման ծախսերը կարող են գերազանցել ակնկալիք շահույթը: