10 մարտի 2008 - 13:12 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում նրանք ցավ են հայտնում մարտի 4-ին կայացած ռազմական միջադեպի արդյունքում սպանվածների առիթով: Համանախագահները կոչ են անում կողմերին վերականգնել զինադադարը շփման գծում, ձեռնպահ մնալ հետագա դիմակայությունից եւ ռազմատենչ հայտարարություններից: «Համանախագահ Մեթյու Բրայզան եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը գտնվում էին տարածաշրջանում, որտեղ հանդիպել են հակամարտության կողմերի հետ եւ քննարկել են ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Հրադադարը վերականգնվել է եւ իրադրությունը հանգիստ է: Համանախագահները կոչ են անում կողմերին խստորեն հետեւել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրին` կնքված 1995 թվականի փետրվարի 4-ին: ԵԱՀԿ ՄԽ-ն եւս մեկ անգամ կրկնում է, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի: Ռազմական գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանը, ինչը վատ կանդրադառնա հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի վրա: Վերջին զոհերը միայն ընդգծում են բանակցային գործընթացի շարունակության միջոցով կողմերի միջեւ համաձայնություն արձանագրելու անհրաժեշտությունը: ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին կրկնապատկել ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքները ընդունելու համար, որոնք ներկայացվել են կողմերին ԵԱՀԿ քննարկումներին Մադրիդում 2007 թվականի նոյեմբերին եւ հնարավորինս արագ սկսել մշակել խաղաղ համաձայնագիրը: ԵԱՀԿ ՄԽ-ն նաեւ հաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանումը եւ նշում է, որ բանակցային գործընթացն ընթանում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- ընդգծվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: