9 փետրվարի 2018 - 15:12 AMT
ԱՄՆ օրենսդիր. Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» կալիֆորնիացի կոնգրեսկան Թեդ Լուն առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։

Թուրքական Olay.com.tr լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով, գրում է Ermenihaber-ը:

Թուրքիան սպառնացել է հարվածել Մանբիջում գտնվող ամերիկացի զինվորներին:

Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն մասնավորապես ասել է․ «Մենք բոլորս պիտի հասկանանք, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել։ Դա պատմական իրողություն է։ Եվ միակ պատճառը, որ այդ օրինագիծը չի հաստատվում, այն է, որ մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիայի հետ մեր հարաբերությունները։ Հիմա իսկական ժամանակն է այդ օրինագիծը հաստատելու և Թուրքիային ասելու․ «Հեյ, տես, եթե դու մեր նկատմամբ նման գործողություններ կատարես, մենք քեզ այնպիսի բաներ կանենք, որ քեզ բոլորովին դուր չի գա»:

Նիստը նախագահող Իլեանա Ռոս-Լեյտինենը և կոնգրեսական Դեյվիդ Չիչիլինեն ևս քննադատել են Աֆրինի գործողությունները՝ բնութագրելով դրանք որպես բռնություն ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի և արաբների նկատմամբ։

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղն, անդրադառնալով երկրի զինուժի կողմից Սիրիայում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությանը, հայտարարել է, որ Թուրքիան թիրախավորելու է բոլոր նրանց, ովքեր կրում են Սիրիայի քրդերի զինվորական համազգեստը՝ նույնիսկ ամերիկացիներին:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման: