9 փետրվարի 2018 - 16:12 AMT
ՀՀ նախագահ. Վերջին հայտարարությունները վկայում են՝ Բաքուն հեռու է ԼՂ հարցն առաջ մղելուց

Վերջին հայտարարությունները ևս մեկ վկայություն են, թե որքան հեռու է Ադրբեջանը Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացն առաջ մղելու պատրաստակամությունից։ Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Բաքվից հնչող վերջին հայտարարությունների վրա:

Փետրվարի 9-ին ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Նախագահը հավելել է, որ այդ հայտարարությունները նաև ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն արձագանքում հասարակությունները խաղաղության պատրաստելու եռանախագահների շարունակական կոչերին։

Համանախագահները Սերժ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ նախագահին տեղեկացրել են իրենց առաջիկա աշխատանքային ծրագրերի վերաբերյալ։

Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: Դիմելով ադրբեջանցի երիտասարդներին՝ նա ասել է, թե «չի կարելի մոռանալ պատմական հողերի մասին»:«Որովհետև Երևանն ու Զանգեզուրը մեր պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանցի պատմաբանները, պետական այրերն ու քարոզիչները պարբերաբար հայտարարում են Անդրկովկասյան ֆեդերացիայի փլուզման ու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացման փուլում Երևանը հայերին որպես մայրաքաղաք «նվիրելու» կամ անգամ 100 տարով այն «ժամանակավորապես հանձնելու» մասին։

Ընթերցեք նաև.ԱԳՆ խոսնակ. Ալիևի խոսքերը նույնիսկ Ադրբեջանում են ծաղրում