10 փետրվարի 2018 - 10:25 AMT
Արցախի նախագահն ընդունել է Արմեն Սարգսյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարևորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ և նրա նախատեսած հանդիպումները հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարևոր տեղն ու դերը հայոց պետականության համար և հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Մարտի 2-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու պատրաստակամության վերաբերյալ իր որոշումը կայացնելու է բոլոր քաղաքական ուժերի և հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:

4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Ընդդիմադիր ԵԼՔ խմբակցության թեկնածուն է պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը, այլ խմբակցություններ թեկնածու չեն առաջադրել։