10 փետրվարի 2018 - 12:20 AMT
Պետայցով ՀՀ կժամանի Բուլղարիայի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:

Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-բուլղարական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Նախատեսվում է նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: