10 փետրվարի 2018 - 15:07 AMT
«Վզգլյադ». Ինչու է Ալիևը ստեղծում «հին ու մեծ Ադրբեջանի» միֆը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Երևանը «պատմական ադրբեջանական հող է», հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ գիտական տեսակետից բացարձակ անհեթեթություն է՝ գլխավորն այն է, որ նման մարգինալ պատմագրությունը երբեմն իսկական պատերազմի է հանգեցնում: Այս մասին ասվում է ռուսական «Վզգլյադ» պարբերականի հոդվածում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

Թերթը նշում է, որ Երևանում Ալիևի հայտարարություններն օրինաչափ գնահատականի արժանացան:

Հայաստանում ռասիստական են որակել Ալիևի հայտարարությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր: «Ընդամնեը 100 տարի առաջ աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնված Ադրբեջանի տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ նորություն չեն. Բաքվի ռեժիմի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս են հնչեցրել նման հայտարարություններ»:

Հեղինակը նշում է, որ հայտարարությունն արված է «խոհանոցային պատմագրության» ոճով:

«Խոհանոցային պատմագրությունը»՝ սեփական պատմությունը արհեստականորեն երկարացնելու կամ տարածքներ ու ազդեցություն վերագրելու ոչ գիտական փորձերն են:

Նշելով, որ նման երևույթներ բնորոշ են նաև այլ ժողովրդներին՝ հեղինակը շեշտում է, որ միայն Բաքվում են այդ ուղղությամբ աշխատում ակադեմիական գիտնականներ ու ամբողջ գիտական ինստիտուտներ, մի ամբողջ քարողչական համակարգ, որի համար չեն խնայում ոչ միջոցներ, ոչ կապեր:

Անցնելով Աղվանքի մշակույթն ու պատմությունը յուրացնելու փուլը՝ ադրբեջանական պատմագրությունը սկսել է պատմությունն ուղղակի առաստաղից վերցնել, կամ «սրբագրել ու ուղղել», ինչպես, օրինակ, Երևանի խանության և Զանգեզուրի դեպքում, ասվում է հոդվածում:

«Եվ այն, ինչ հիմա Ալիևն ասում է ամբիոնից, մի քանի տարի անց կվերարտսդրվի «գիտական աշխատություններում, շնորհանդեսներում, ցուցահանդեսներում և ֆիլմերում», ինչպես և ասել է նա իր ելությում: Իրականում դա շատ տխուր է: Համաշխարհային պատմության մեջ դեռ չի եղել մի դեպք, երբ խոհանոցային պատմագրության նման զանգվածային կիրառումը ինչ-որ լավ բանի հանգեցներ: Այնպես որ մարգինալ պատմագրությունը բոլորովին էլ անվնաս բան չէ, ինչպես կարող են մտածել նորմալ խորհրդային դպրոցական կրթություն ունեցող մարդիկ: Ամեն ինչ շատ վատ կարող է լինել»,-ասվում է հոդվածում: