12 փետրվարի 2018 - 10:39 AMT
ՌԴ-ում կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն և ուղևորներից մեկն ազգությամբ հայեր են

Փետրվարի 11-ին մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում կործանվել է Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող «Սարատովյան ավիաուղիների» Ան-148 ինքնաթիռը: Վթարը տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց: Բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Անձնակազմի երկրորդ օդաչուն և ուղևորներից մեկն ազգությամբ հայեր են՝ Սերգեյ Ղամբարյանն ու Վարսիկ Սևոյանը:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Մերձմոսկովյան արվարձանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կործանված «Ան-148» ինքնաթիռի երկու պարամետրային ինքնագրերից մեկը, ըստ նախնական տվյալների, նորմալ վիճակում է:

Ան-148 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին 1 մլն ռուբլի կհատկացվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սարատովյան ավիաուղիներին» պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:«Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալների անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: