13 փետրվարի 2018 - 13:39 AMT
Վրաստանը դեռ 2017-ին Սաակաշվիլիին արտահանձնելու հարցում էր ուղղել Լեհաստանին

Վրաստանի դատախազությունը դեռևս 2017-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արտահանձնման հարցում էր ուղարկել Լեհաստան: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին:

«2017-ին պարոն Սաակաշվիլին հյուրընկալվել էր Լեհաստանում, այն ժամանակ վրացական կողմը դիմել էր արտահանձնման խնդրանքով»,-ասել է նա վրցական Առաջին ալիքի եթերում:

Ըստ նրա, «Վրաստանը չի չեղարակել և չի չեղարկի Ուկրաինային ներկայացրած հարցումը Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ»: Ըստ Ցուլուկիանիի, Կիևը 2 ելք ուներ՝ արտահանձնել Սաակաշվիլիին հայրենիք կամ արտաքսել Լեհաստան, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ուկրաինան ընտրել է երկրորդ տարբերակը»,-հավելել է նա:

«Հարցումը Լեհաստան ուղարկված է: Մենք նույն եվրոպական կոնվենցիայի մասնակիցներ ենք: Խոսքը մի քանի դատական ատյանների մասին է, ինչը ժամանակ է պահանջում: Եթե ինչ-որ ընթացք տրվի Լեհաստանում, արդեն կկարողանանք խոսել արդյունքների մասին»,-ասել է նա:

Փետրվարի 12-ին Ուկրաինայի պետսահմանապահ ծառայությունը արտաքսել է Սաակաշվիլիին Լեհաստան, այն նույն տարածքից, որով նա անցել էր Ուկրաինա 2017-ի աշնանը՝ ճեղքելով սահմանապահների ու իրավապահների պատնեշները: Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է, որ նա Վարշավայում է: Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անում երկրի նախագահի նստավայրի մոտ: