13 փետրվարի 2018 - 12:23 AMT
Կոյուղաջուր և ապտակներ. Երևանի ավագանու նիստում բախվել են «Երկիր ծիրանիի» անդամներն ու ՀՀԿ-ականները

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս:

Միջադեպից հետո նիստը դադարեցրել և ոստիականություն են կանչել: