10 մարտի 2008 - 17:03 AMT
Վլադիմիր Պուտինը կոչ է արել կարգավորել ներքաղաքական իրադրությունը Հայաստանում քաղաքական միջոցներով
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ՌԴ նախագահը վերստին շնորհավորել է Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այնուհետ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` իր զորակցությունը հայտնել Հայաստանի իշխանությանը եւ ժողովրդին:

Վլադիմիր Պուտինը կարեւորել է Հայաստանում ետընտրական շրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քաղաքական մեթոդներով, ընդդիմության հետ երկխոսության ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը` ելնելով հայ ժողովրդի միասնականության, երկրի կայունության ու անվտանգության շահերից եւ ի նպաստ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների հետագա առավել ամրապնդման ու զարգացման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության:

Սերժ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը նաեւ վերահաստատել է Ռուսաստանի Դաշնություն այցի իր հրավերը, նշելով, որ ուրախ կլինի Սերժ Սարգսյանին հարմար ցանկացած ժամկետում հյուրընկալել նրան եւ ՀՀ նորընտիր նախագահի հետ ավելի հանգամանորեն քննարկել հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ու հեռանկարին առնչվող հարցերը: