14 փետրվարի 2018 - 11:29 AMT
Forbes Woman. Ինչն է ավելի լավ անել Երևանում, քան Մոսկվայում

Forbes Woman հանդեսը կազմել է այն գործողությունների ցանկը, որոնք կարելի է նաև Մոսկվայում անել, բայց գերադասելի է Երևանը:

Նշվում է, որ Երևանում կարելի է մոռտանալ ղեկի մասին և ոտքով քայլել: «Երևանում չկա ոչ մի միանման փողոց կամ շենք: Կան և վարդագույն տուֆից կառուցված նեոկլասիցիզմի, և կոնստրուկտիվիզմի շինություններ, և հյուղակներ: Տների պատուհանների շրջանակը երիզող զարդաքանդակները նման են հայկական եկեղեցիների քանդակներին՝ դրանք չեն կրկնվում»:

Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս գնալ Կասկադ ու Մատենադարան, ջազ համերգ ունկընդրել: «Ջազ այստեղ լսում և նվագում են 1938-ից ի վեր: Malkhas Jazz Club ակումբում կարելի է վայելել Լևոն Մալխասյանի վիրտուոզ նվագը՝ նա իրավամբ համարվում է հայկական ջազի լեգենդ»:

Նշվում է, որ ավելորդ չի լինի դուրս գալ Երևանի սահմաններինց և տեսնել ապշեցուցիչ լեռնային տեսարանները և կոլորիտային գյուղերը: Պարբերականը խորհուրդ է տալիս լինել Սևանում, այցելել հեթանոսական Գառնի, ինչպես նաև Երևանի կոնյակի գործարան:

Հոդվածն անդրադառնում է նաև հայկական խոհանոցի արժանիքներին: «Ավանդական հայկական խոհանոցը միայն լավաշը չէ, այնուամենայնիվ արժե փորձել հենց նոր թոնիրում թխված լավաշը՝ անպայման պանրով, թարմ կանաչիով և բանջարեղենով: Թվարկվում են նաև ամենատարբեր տեսակի պանիրները (չեչիլ, չանախ), խաշը, որը 24 ժամ է պատրաստվում, քյուֆթան, հարիսան»:

Ուշադրությունից դուրս չի մնացել նաև կոնյակը: «Գնահատելու համար, թե ինչ մանրակրկիտ և բազմափուլ գործընթաց է կոնյակի պատրաստումը՝ կարելի է էքսկուրսիայի գնալ Երևանի կոնյակի գործարան: Այնտեղ կարելի է մանրամասներ իմանալ թորման և կուպաժի մասին, և ամենակարևորը, համտեսել տարբեր աստիճանի թնդության սպիրտեր, որոնց թվում նույնիսկ 1934թ. արտադրանք կա»: