14 փետրվարի 2018 - 10:35 AMT
ՄԻՊ-ը դիմել է դատախազին «Երկիր ծիրանիի» կանանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով:

Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում, հայտնել են ՄԻՊ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը:

Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը հաղորդում կտա ոստիկանություն՝ ավագանու փետրվարի 13-ի նիստում խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների կողմից վնասվածք հասցնելու դեպքի առնչությամբ:

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

Խմբակցության անդամները սկզբում բժշկական դիմակներ են հագել և բացել կոյուղաջրերով լցված ապակյա տարաները՝ գարշահոտություն տարածելով դահլիճում: Մարինա Խաչատրյանը փորձել է տարան ձեռքը մոտենալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ամբիոնին, սակայն ՀՀԿ-ականները թույլ չեն տվել նրան, ինչից հետո նա լցրել է տարայի պարունակությունը հատակին։ ՀՀԿ-ականները փորձել են կանգնեցնել նախաձեռնության հեղինակների գործողությունները, այնուհետև դիամադրության հանդիպելով, քաշքշելով հարվածելով փորձել են դուրս բերել նրանց: Մասնավորապես, ՀՀԿ-ական Գոռ Վարդանյանը դուրս է շպրտել դահլիճից Մարինա Խաչատրյանին։

«Երկիր Ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս: