14 փետրվարի 2018 - 10:50 AMT
ՌԴ սահմանապահները հաստատել են՝ Թուրքիայի քաղաքացին ապօրինի է հատել ՀՀ սահմանը

Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած Թուրքիայի քաղաքացու են բռնել: Այս մասին, PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան, հայտնել է Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը:

Սահմանային հսկողություն իրականացնողները Կարսի նահանգի Դիգոր շրջանի բնակիչ 1995 թվականին ծնված սահմանախախտին հայտանբերել են Արմավիրի մարզում՝ Ախուրյան գետի ափամերձ տարածքում:

«Վերջինս ձուկ բռնելու նպատակով անցել է Հայաստանի տարածք, ինչից ընդամենը մի քանի րոպե անց սահմանապահները բռնել են նրան», -հայտնում է վարչությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ փետրվարի 12-ին հայաստանյան կողմի սահմանապահները հայտնաբերել են մեկ թուրք սահմանախախտի: Նա գետում ձուկ բռնելիս է եղել:

Նույն օրը թուրք ժանդարմները հայտնաբերել են չորս թուրք գյուղացու՝ Կարսի նահանգի Դիգոր շրջանում իրենց ձիերին փնտրելիս: Նրանք հայտնվել էին արգելված ռազմական գոտում: