14 փետրվարի 2018 - 10:58 AMT
Լեռնադահուկորդ Կարապետյանի նոր դահուկներն արդեն Փհենչհանի ճանապարհին են

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ, դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են: Այդ մասին ասվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով տարածված հայտարարության մեջ:

Նշվում է, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին անմիջապես տեղեկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

«Խնդրի մասին զեկուցվել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հանձնարարությամբ և աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ, որոնք արդեն Փհենչհանի ճանապարհին են »,-ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից ՀՀ պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանին Փհենչհանում դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստին չի եղել «Հայաստան» նշումը: Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն: Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը:

Աշոտ Կարապետյանի առաջին ելույթը փետրվարի 18-ին է նախանշված: