14 փետրվարի 2018 - 12:31 AMT
Կարտոֆիլն ու միսը թանկացել են

2018 թվականի հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ միսը թանկացել է 2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հունվարին 2017-ի դեկտեմբերի համեմատ թանկացել է նաև կարտոֆիլը 5,5%-ով, իսկ 2017-ի հունվարի նկատմամբ՝ 17,3%-ով:

2017-ի հունվարի համեմատ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում թանկացել է նաև հացը՝ 0,7%-ով, կաթնամթերքը՝ 7,1%-ով, հավկիթը՝ 6,8 %-ով, յուղերն ու ճարպերը՝ 13,5%-ով:

2018-ի հունվարին նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ թանկացել են միրգը՝ 10,4%-ով, բանջարեղենը՝ մոտ 50%-ով: Հաշվետու ժամանակահատվածում թանկացել են նաև սուրճն ու թեյը՝ համապատասխանաբար 0,1%-ով և 1,4%-ով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սպառողական շուկայում 2018 թվականի հունվարին 2017 թվականի դեկտեմբերի նկատմամբ գրանցվել է 2,7% գնաճ: 5,7% գնաճ է արձանագրվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում: Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում 6%-ով թանկացել է նաև տրանսպորտը, իսկ 2017-ի հունվարի համեմատ ոլորտում արձանագրվել է 12% գնաճ: