14 փետրվարի 2018 - 16:44 AMT
Օտարերկրյա լրագրողների և բլոգերների խումբ է այցելել Արցախ

Փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից,Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին:

Այցը կազմակերպել էր «Արցախակերտում» ՀԿ-ն:

Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Մասիս Մաիլյանի, Մարդու իրավունքների պաշտման Ռուբեն Մելիքյանի հետ, որի ընթացքում արցախյան ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցերի:

Կազմակերպվել են նաև խմբի ճանաչողական այցեր առաջնագիծ, արտադրական որոշ ձեռնարկություններ, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ինչպես նաև՝ որոշ տեսարժան վայրեր:

Փետրվարի 13-ին օտարերկրյալ լրագրողները և բլոգերները մասնակցել են նաև ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումներին, հայտնում է «Արցախակերտում» ՀԿ-ի հաղորդագրության մեջ:

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավ շրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Ընթերցեք նաև.Բուայե. Արցախն արդար պայքար է մղում, մարդկային արժանապատվության պայքար