19 փետրվարի 2018 - 10:49 AMT
Սերժ Սարգսյան. Պատրաստ ենք ԼՂ հարցի կարգավորմանը, եթե Ադբեջանը ողջախոհություն ցուցաբերի

Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ողջախոհություն ցուցաբերի: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի դիտարկմանը, թե Հայաստանը կարող է միանալ տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա «Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ», Սերժ Սարգսյանը հակադարձել է, թե ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել, եթե Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ:

«Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և չեն ուզում՝ Ադրբեջանը ոչնչացնի այդ ժառանգությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն`մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների: