20 փետրվարի 2018 - 17:32 AMT
Լիբանանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀՀ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետև կայցելի Մայր Տաճար և գանձատուն:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը ԶԼՄ-ների առջև հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված են նաև նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Photo. Stephane Mahe/AP