20 փետրվարի 2018 - 15:24 AMT
ՌԴ ավիաընկերությունները ՀՀ-ով տրանզիտային չվերթներ իրականացնել կկարողանան

ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:

Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, ավիացիայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ փոքր ավիացիայի զարգացման, ռուսական ավիաընկերություններին գործունեության 5-րդ ազատության աստիճան տրամադրելու հարցին, զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի անցկացմանը և այլ թեմաների:

Ավիաընկերությունների գործունեության հինգերորդ ազատությունը իրավունք է տալիս փոխադրողներին տրանզիտային թռիչքներ իրականացնել ու վաճառել իր ծառայությունները նաև տրանզիտային երկրում գտնվող ուղևորներին։ Օրինակ՝ ավիաընկերությունը կկարողանա իրականացնել Մոսկվա-Երևան-Դուբայ թռիչք՝ վաճառելով ոչ միայն Մոսկվա-Դուբայ, այլ նաև Երևան-Դուբայ տոմսերը։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: