20 փետրվարի 2018 - 16:56 AMT
ԵԼՔ-ը դեմ է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի սահմանափակմանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ՝ քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ հանձնարարականը հետապնդում է լրագրողների գործունեությունը սահմանափակելու նպատակ: Այս մասին հայտարարել է ԵԼՔ խմբակցությունը:

«Հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է: ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումներն անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:

Խմբակցությունը նշում է, որ Երևանի համայնքի վարչական շենքերում և ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին» և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Նա հանձնարարել է նաև վերանայել քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքների կանոնակարգումը:

Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում «Հանրապետական կուսակցություն» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանիի» անդամները նիստի դահլիճում Նուբարաշեն ՔԿՀ-ի կոյուղու ջրերն են լցրել:

«Երկիր ծիրանիի» անդամները պարզաբանել են, որ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչները գարշահոտություն են շնչում, քանի որ վնասվել է ՔԿՀ-ի կոյուղատարը, և քաղաքապետարանն այդ հարցին լուծում չի տալիս: