12 մարտի 2008 - 18:57 AMT
Սերժ Սարգսյան. Երեւանի անկարգությունների մեղավորների դատավարությունը թափանցիկ կլինի
Երեւանում մարտի 1-ին անցած անկարգություններում մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առաջ: Այդ մասին մարտի 12-ին ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակած, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Դատարանը կարող է մեղմել վճիռը, նախագահը կարող է ներում շնորհել, սակայն ժողովուրդը պետք է իմանա` ով է նախապատրաստել եւ ով է իրականացրել այդ գործողությունները: «Երեւանի անկարգությունների մեղավորների դատավարությունը թափանցիկ կլինի եւ բոլորն էլ յուրաքանչյուրի մեղքի աստիճանը տեսնելու հնարավորություն կունենան»,-նշել է նա, հավելելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը կորոշի ժողովուրդը, սակայն ոչ հիմա, քանի որ բացի իրավական պատասխանատվությունից կա նաեւ եւ բարոյական եւ պատմական պատասխանատվությունը: Նրա խոսքերով, մարտի 1-ի դեպքերից քիչ ժամանակ է անցել, որպեսզի անկարգությունների մեղավորները կանգնեն օրենքի առաջ, սակայն արդեն քրեական գործ է հարուցված, կան կալանավորվածներ, ձերբակալվածներ, ոմանք հետախուզման մեջ են գտնվում: Վարչապետը նաեւ մեկնաբանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կալանավորելու նախապատսրատության մասին շրջանառվող խոսակցությունները: Նա ընդգծեց. «Ես դատավոր չեմ եւ ոչ էլ դատախազ եւ մտադիր չեմ նրանց գործին խառնվել, հատկապես հիմա: Սակայն դուք, անկասկած, ներկա իրադարձությունների պատմական գնահատականի վկաները կլինեք»,-ընդգծել է նա, հաղորդում է Regnum-ը: