21 փետրվարի 2018 - 10:37 AMT
Փարիզը քննադատել է Ալիևի հայտարարությունը «Երևան վերադառնալու» մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը «Երևան և Զանգեզուր վերադառնալու մասին»: Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել զերծ մնալ բոլոր հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծմանը բանակցությունների միջոցով:

Անդրադառնալով Ֆրանսիայի դիրքորոշմանը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին, այլև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է. «Ֆրանսիան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ազնվորեն աշխատել հակամարտությունը բանակցությունների միջոցով կարգավորելու ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալ բոլոր հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը»: