12 մարտի 2008 - 19:17 AMT
Հայաստանը Կոսովոն նախադեպ չի համարում
Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը չի սրի հայ-ռուսական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը: «Չեմ կարծում, որ մենք խելացի կվարվենք, եթե սրենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ նրանք բավական երկար պատմություն ունեն, վառ ներկա, եւ ես խորապես վստահ եմ, փայլուն ապագա: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է դավաճանի իր շահերին միայն այն պատճառով, որ մեր ընկերները կարող են տխրել»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչման հարցը դեռեւս պետք է լրջորեն հետազոտել եւ քննարկել: «Մենք չպետք է Կոսովոն նախադեպ համարենք մեր համար այն համատեքստում, որ Ղարաբաղի հարցը էականորեն տարբերվում է մյուս հակամարտություններից: Ղարաբաղը անկախություն է ստացել այն ժամանակ գործող խորհրդային օրենքներով»,- ասել է Սարգսյանը, հավելելով, որ իրավական տեսանկյունից, Ղարաբաղի հակամարտությունը տարբերվում է մյուսներից, եւ Հայաստանը իրավունք չունի այն հավասարեցնել կամ խառնել այլ հակամարտությունների հետ:

«Մենք Կոսովոն նախադեպ չենք համարում այն տեսանկյունից, որ մոտ ապագայում մենք չենք պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը միշտ եղել է ժողովուրդների ինքնորոշման կողմնակիցը եւ այդ տեսանկյունից հայկական կողմը ողջունում է Կոսովոյի անկախության հարցը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: