21 փետրվարի 2018 - 14:16 AMT
Հովհաննիսյանը և Չուբարյանն ընդգրկվել են ՌԴ ԳԱ-ին կից Ավագների խորհրդի կազմում

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևը Ավագների խորհուրդ է ստեղծել ավագ սերնդի գիտնականների մասնակցությամբ: Մարմինը խորհրդատվական կիրառություն է ունենալու:

Խորհրդում ընդգրկվել է 18 գիտնական, այդ թվում հայազգի Յուրի Հովհաննիսյանն ու Ալեքսանդր Չուբարյանը: Խորհուրդը կարող է ներգրավել իր աշխատանքում Ակադեմիայի անդմաներին, պրոֆեսորներին և աշխատակազմի անդամներին:

Ավագների խորհուրդը ՌԳԱ նախագահի հանձնարարությամբ դիտարկելու և գնահատելու է գիտական աշխատությունները և քննարկելու գիտակազմակերպչական հարցեր, ինչպես նաև Ակադեմիայի կառուցվածքային բարեփոխումներին և գործառույթներին առնչվող հարցեր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմել է ռուսաստանցի ժամանակակից գիտնականների մեծ հայտնագործությունների 10-յակը, որոնք ցնցել են աշխարհը: Ցանկում 2 հայազգի գիտնական կա՝ Յուրի Հովհաննիսյանը և Սերգեյ Վարդանյանը:

Յուրի Հովհաննիսյանը հայտնի ֆիզիկոս է, ՌԳԱ ակադեմիկոս: Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակի նոր՝ 118-րդ տարրն անվանվել է «օգանեսոն»՝ պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: Սա այն եզակի դեպքերից է, երբ տարրը կոչվում է գիտնականի պատվին նրա կյանքի օրոք:

Ալեքսանդր Չուբարյանը պատմաբան է, պատմական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971), ՌԳԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2000): Աշխատությունները վերաբերում են Եվրոպայի 19-20-րդ դարերի պատմության հիմնախնդիրներին, միջազգային հարաբերությունների զարգացման օրինաչափություններին, օրենսդրական հիմնահարցերին: