21 փետրվարի 2018 - 18:11 AMT
ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների փաստաթուղթը ստորագրվել է

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին: Քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ծրագրերը:

Կողմերը ստորագրել են ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների իրագործամն փաստաթուղթը, որտեղ ներառված են գործակցության չորս հիմնական ոլորտները. դրանք են՝ ինստիտուտների հզորացում և արդյունավետ կառավարում, տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ, էներգաարդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմա, ինչպես նաև համախմբում ու մարդկանց միջև շփումներ: Նախատեսվում է նաև, որ ԵՄ-ն մինչև 2020 թվականը Հայաստանին կհատկացնի մոտ €160 մլն:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Բրյուսելում է։ Նա ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: