22 փետրվարի 2018 - 11:37 AMT
Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանելուց մի փոքր անց:

Նա մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել:

Միշել Աունը նաև ծառ է տնկել ի հիշատակ անմեղ զոհերի և շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Փետրվարի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի նախագահ Միշել Աունին:

Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին: Լիբանանի պաշտոնատար անձանցից առաջին անգամ Հայաստան է ժամանել խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին՝ 1997 թվականին: Նույն և հաջորդ տարիներին պաշտոնական և աշխատանքային այցերով Հայաստան է ժամանել Լիբանանի հայտնի վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է եկել նաև 2004 թվականին:

2001 թվականին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը: Լիբանանի նախագահներից նաև Միշել Սլեյմանն է Հայաստան ժամանել (2011 թվական, պաշտոնական այց):