22 փետրվարի 2018 - 10:28 AMT
Շարմազանով. ՀՀԿ խմբակցությունն այս շաբաթ ԱԺ-ին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցության փետրվարի 21-ի գործադիր մարմնի նիստը հագեցած է եղել քննարկման հարցերի սպեկտրով: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին է ասել կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը տեղեկացրել է, որ խորհրդարանին այս շաբաթ ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է նաև, որ առաջիկա քառօրյայում ընտրվելու են Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, քննարկվելու է այս հարցը ևս, առաջարկվելու է 5 թեկնածու, ովքեր ընտրվելու են փետրվարի 27-ից-մարտի 2-ը:

Նա նշել է, որ մարտին ՏԻՄ ընտրություններում 20 համայնքներում ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրելու:

Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ բացի ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ են թեկնածուներ առաջադրելու այդ ընտրություններում, իսկ մնացած ընդդիմադիրները կրկին թեկնածուներ չունեն:

«Սա խոսում է այն մասին, որ միգուցե դեռևս չեն կարևորում ՏԻՄ աշխատանքները կամ դեռևս չկան կայացած կառույցներ: Մենք պատրաստ ենք մրցակցության», - հավելել է նա:

Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ առաջարկը` դառնալ իշխող կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում: Հունվարին` ՀՀԿ կողմից առաջադրվելուց հետո, Արմեն Սարգսյանը ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար: Մինչ համաձայնության գալը նա հանդիպել է խորհրդարանական և արտախորհրդարանական մի շարք կուսակցությունների, ուսանողների, մտավորականների, Արցախի ղեկավարության հետ:

ՀՀ չորրորդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Ընտրությունները կկայանան մարտի 2-ին: