22 փետրվարի 2018 - 13:31 AMT
Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները ներկայացված են ՌԴ ցուցահանդեսում

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը բացել է «Ռուսաստանի արտաքին հետախուզության ոսկե էջերը» ցուցահանդեսը, որտեղ ն երկայացված են ականավոր հետախույզների գեղարվեստական դիմանկարները՝ կատարված տպագրական ոսկու մշակման արդիական տեխնոլոգիաների միջոցով:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոսներ Գևորգ և Գոհար Վարդանյանների դիմանկարները:

Ցուցադրությունն ընդգրկում է 29 դիմանկար: Ներկայացված են նաև Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Կուզնեցովի, Ռուսաստանի հերոս Ալեքսեյ Կոզլովի, ինչպես նաև այլ հետախույզներ՝ Պավել Ֆիտնի, Քիմ Ֆիլբիի, Յուրի Դրոզդովի, Ալեքսեյ Բոտյանի, Ջորջ Բլեյքի և այլոց դիմանկարները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Նարիշկինը ներկայացրել է նաև ականավոր հետախույզների մասին պատմող «Լեգենդար հետախույզները-2» ժողովածուն, որի հեղինակն է «Ռոսիյսկայա գազետայի» գլխավոր խմբագրի տեղակալ Նիկոլայ Դոլգոպոլովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը հերթական պարգևին է արժանացել: Նա պարգևատրվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության «Հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանով:

16 տարեկանում Գոհար Վարդանյանը դարձել է իր ապագա ամուսնու և զինակից ընկերոջ Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խմբի անդամը: Եվ եթե «Թեթև հեծելազոր» խմբի այն ժամանակ տակավին պատանի անդամների մասին, որոնք օգնեցին ձերբակալել Աբվերի դիվերսանտներին և կանխել Թեհրանում Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ մահափորձը, լավ է հայտնի, ապա անլեգալ Վարդանյանների հետագա գործունեությունը մինչ օրս փակ է:

Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյանները վերադարձել են 1986-ին։ Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանն անցել է թոշակի, իսկ Գևորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992-ը:ծ Գոհար Վարդանյանն օպերտիվ աշխատանք է կատարել ավելի քան 30 տարի, իսկ ընդհանուր աշխատանքային ստաժը 47 տարուց ավելի է: Թոշակի անցնելով` Գոհար Վարդանյանը շարունակում է մեծ աշխատանք կատարել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում` փոխանցելով նրանց իր հարուստ փորձը: