22 փետրվարի 2018 - 13:03 AMT
Նալբանդյան. Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը

Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած ելույթում՝ հավելելով, որ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը:

Նախարարը հավելել է, որ երբ 10 տարի առաջ նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ: «Սակայն, ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից»,-նշել է Նալբանդյանը:

Նա շեշտել է, որ գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ շփումներում, ինչպես նաև հրապարակայնորեն հստակ նշվել է, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: «Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա: Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման: Անդրադառնալով այս խնդրին Եվրախորհրդարանի պատերի ներքո իմ ելույթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ․։Կցանկանայի օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար»,-ասել է նա։

Նալբանդյանը նշել է, որ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: Նա շեշտել է, որ Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ «Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է Նախագահ Սարգսյանը . «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»,-ասել է ԱԳ նախարարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովում ասել էր. «2009թ. Հայաստանի ու Թուրքիայի միջև կնքված արձանագրություններն այդպես էլ մնացին թղթի վրա: Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ: Դա ոչ այլ ինչ էր, քան պատմական հնարավորության տապալում։ Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը»։