22 փետրվարի 2018 - 14:15 AMT
«Միր 24». ՀՀ-ն հավակնում է ՏՏ առաջատարի դերը ստանձնել Կովկասում

Հայաստանը հավակնում է ՏՏ ոլորտի առաջատարի դերը ստանձնել Կովկասի տարածաշրջանում: Այժմ երկրում մի քանի տեխնոպարկ է գործում, ասվում է ՀՀ ՏՏ ոլորտին նվիրված «Միր 24»-ի ռեպորտաժում:

Նշվում է, որ հայկական մուլտֆիլմերը նայում են ԱՊՀ ամբողջ տարածքում, 3D անիմացիայի ստուդիան դրանք ստեղծում է ռուսական ընկերությունների պատվերով: Գյումրիի տեխնոպարկում մուլտիպլիկատորները կատարում են արտադրության ամբողջ ցիկլը:

Մեկ այլ սրահում թեստավորում են սենսորային «մեյքափ հայելին»: «Սենսորային պանելի վրա այցելուն ընտրում է արտադրանքը սրահի բրենդերից: Կարող է տեսադաս դիտել կամ դիմահարդարում պատվիրել սրահի մասնագետին: Ամբողջ ընթացքը կարելի է նկարահանել, լուսանկարներ անել՝ տեսախցիկները մոնտաժվում են հայելու ներսում»,-պարզաբանել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Տիգրան Կոսեմյանը:

Այդ թիմի հաջողության մասին մյուսները միայն երազել կարող են: Կայքեր մշակողները պայմանագիր ունեն Համաշխարհային բանկի հետ: Ռեսուրս են ստեղծել Վաշինգտոնի գրասենյակի համար, որի սպասարկումն իրականացվում է Գյումրիից:

«Ապահովում ենք տվյալների անվտանգությունը, ՀԲ աշխատակիցների համար ներքին օգտագործման կայքում որոնումների արագությունը»,-ասել է ՏՏ ընկերության ներկայացուցիչ Ալիկ Վարդանյանը:

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը բացվել է 2014-ին: Այսօր այն հարթակ է ՏՏ 25 ընկերության համար: Այստեղ նաև պատրաստում են ապագա ծրագրավորողների: Դասընթացների մասնակիցները երիտասարդներ են: Ուսուցումն անվճար է և կես տարի է տևում, ասվում է ռեպորտաժում:

«Դասընթացի ավարտին բոլորը պրակտիկ պարապմունքներ կանցնեն տարբեր ՏՏ ընկերությունների մասնագետների հետ: Արդյունքում կընտրեն լավագույններին, որոնք կգան մեզ մոտ աշխատելու»,-ասել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի կրթական բաժնի պետ Նարինե Խաչատրյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաներով Հայաստանում ավելի քան 16.000 մասնագետ է զբաղվում: Նրանց օգնում է պետությունը: Ստարտափերն առաջին 5 տարում ազատվում են շահութահարկից, հետո՝ արտոնություններ են ստանում: Դրանից օգտվել է արդեն ավելի քան 200 ընկերություն:

Ընդհանուր առմամբ Հայաստանում աշխատում է ՏՏ ոլորտի ավելի քան 700 ընկերություն, որոնց շրջանառությունը կազմում է տարեկան 600 մլն դոլար: