22 փետրվարի 2018 - 15:26 AMT
Սարգսյան․ ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում պետք է լինի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը

Ինչպիսին էլ լինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքն իր պատմական տարածքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ առանձնազրույցից հետո՝ հավելելով, որ համակարծիք էին այդ հարցում Լիբանանի նախագահի հետ:

Լիբանանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ նախագահի նստավայրում նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշել Աունի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

«Լիբանանի նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Մեր աներկբա համոզմունքն է, որ չի կարող լինել հիմնախնդրի որևէ լուծում, որը ինչ-որ կերպ խաթարի Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը: Այս առումով, իմ գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ ինչպիսին էլ լինի այս հիմնախնդրի կարգավորումը, դրա հիմքում պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը իր պատմական տարածքում: Եվ պետք է ասեմ, որ պարոն նախագահի հետ մենք նաև համակարծիք էինք, որ Երուսաղեմի խնդրում ամենակարևորը բանակցային գործընթացն է, և ուժի կիրառմամբ այդպիսի խնդիրները չեն կարող լուծվել»,-ասել է նախագահը:

Նա հավելել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայում ականատես ենք մարդկության դեմ կատարվող ոճրագործությունների: «Այս առումով կարևորում ենք Լիբանանի գործնական և արդյունավետ ներդրումը ահաբեկչության և արմատականության դեմ պայքարում և բարձր ենք գնահատում այս տարիներին սիրիացի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունը: Հայաստանը ևս իր համեստ հնարավորությունների չափով օգնության ձեռք է մեկնել սիրիացի մեր քույրերին և եղբայրներին: Հպարտ եմ, որ Հայաստանը կարողացել է իր համեստ ներդրումն ունենալ բարեկամ Լիբանանի կայունության և անվտանգության ապահովման գործում՝ երկրի հարավում տեղակայված՝ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայկական խաղաղապահների մասնակցությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը :

Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հերթին ներկայացրել է սիրիական պատերազմի հետևանքով Լիբանանի դիմագրաված մարտահրավերները, մասնավորապես՝ ահաբեկչական կազմակերպությունների ու նրանց բջիջների սպառնալիքների ներթափանցումը ինչպես երկիր, այնպես էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ:

«Մենք փոխադարձաբար համաձայնեցինք, որ կարևոր է, խարխսվելով առաջադիմության մշակույթի, անձանց և պետությունների իրավունքների հարգանքի վրա, ամրապնդել երկկողմ ու միջազգային համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ որևէ երկիր չի կարող զերծ մնալ դրա վտանգներից: Ես երախտագիտությունս հայտնեցի Նախագահ Սարգսյանին միջազգային ատյաններում Լիբանանի և նրա խնդիրների կողքին գտնվելու համար, ապա վստահեցրեցի, որ Լիբանանն իր հերթին կանգնած է Հայաստանի կողքին՝ նրա ժողովրդի, ինքնիշխանության, խաղաղության և բարգավաճման բնական իրավունքները պաշտպանելու գործում»,-ասել է Միշել Աունը:

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել Լիբանանին ուղղված իսրայելական սպառնալիքներին, որոնք առնչվում են բացառիկ տնտեսական գոտու Լիբանանի նավթային իրավունքներին, բաժանարար պատի կառուցմանը, որը հասնում է հարավային սահմանին մոտ գտնվող վիճելի կետերին:

Աունը հավելել է նաև, որ Լիբանանը պաշտպանել է իր ցամաքային ու ծովային սահմաններն օրինական բոլոր միջոցներով, և այդ գործում ապավինում է միջազգային ընտանիքի մեր բարեկամներին՝ նրանցից ակնկալելով աջակցություն այդ սպառնալիքները դիմակայելու և իրավիճակը չսրելու խնդրում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ պաշտոնական այցով Հայաստան ժամանելուց մի փոքր անց:Նա մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղկեպսակ դրել: