22 փետրվարի 2018 - 15:42 AMT
PWC. ՀՀ-ն աշխարհի 15-րդ ամենաթեթև հարկային բեռով երկիրն է

PricewaterhouseCoopers ընկերությունը հրապարակել է 2018 թվականի Paying Taxes (Մուծելով հարկերը) զեկույցը և դրա հիման վրա կառուցվող վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը հարկային բեռի թեթևության ցուցանիշով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Ըստ զեկույցի, միջին հարկային բեռը Հայաստանում կազմում է 18,5%:Հետխորհրդային միակ երկիրը, որտեղ հարկային բեռն ավելի թեթև է, քան Հայաստանում, Վրաստանն է: Այստեղ հարկային բեռը կազմում է միջինում 16,4%: Ադրբեջանում միջին հարկային բեռը կազմում է 39,8%:

2016-ին միջին հարկային բեռը Հայաստանում կազմել է 19,9%, երկիրը ցուցանիշով աշխարհում 17-րդն էր: Վրաստանում հարկային բեռը կազմել է միջինում 16,4%, տվյալ ցուցանիշով հարևան երկիրն աշխարհում 13-րդ հորիզոնականում էր: Ադրբեջանում միջին հարկային բեռը կազմում էր 39,8%:

Վարկանիշում, միջին հարկային բեռից զատ, ներառվում են նաև հարկային վճարումների քանակի ու դրանց վրա ծախսվող ժամանակի ցուցանիշները:

Ցածր հարկային բեռին զուգահեռ, սակայն, Հայաստանում ու Վրաստանում հարկային պարտավորությունները կատարելը չափազանց շատ ժամանակ է խլում: Հայաստանում դա կտևի 313, Վրաստանում՝ 269 ժամ: Իրավիճակն անհամեմատ ավելի լավ է Ադրբեջանում, որտեղ հարկային պարտավորությունները կատարելու համար ծախսվում է 195 ժամ:

Ցուցանիշով համաշխարհային առաջատարներն են ԱՄէ-ն, Բահրեյնը և Քաթարը, որտեղ գործընթացը կպահանջի տարեկան համապատասխանաբար 12, 29 և 41 ժամ:

Հայաստանում բիզնեսը տարեկան կատարում է 14 տարբեր մուծումներ, Վրաստանում՝ 5, Ադրբեջանում՝ 6 մուծում:Վերոնշյալ երեք ցուցանիշների հանրագումարով Ադրբեջանը գտնվում է վարկանիշի 35-րդ, Հայաստանը՝ 87-րդ հորիզոնականում: Տարածաշրջանի առաջատարն է Վրաստանն է ՝ 22-րդ հորիզոնական:

1849 թվականին հիմնադրված PricewaterhouseCoopers բրիտանական ընկերությունն աուդիտով և կոնսալտինգով զվաղվող աշխարհում խոշորագույն ընկերությունն է: 2015 թվականին ընկերության հասույթը կազմել է $35.4 մլրդ: