22 փետրվարի 2018 - 16:26 AMT
Թուրք պրոֆեսոր. Աբդուլ Համիդը Google-ի ստեղծողն ու առաջին օգտատերն է եղել

Թուրքիայի Սակարիայի համալսարանի Արվեստի և գրականության պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Էբուբեքիր Սոֆուօղլուն Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի մահվան 100-րդ տարելեցին նվիրված միջոցառումներից մեկի ընթացքում հայտարարել է, որ Աբդուլ Համիդը Google որոնողական համակարգի հայտնաբերողն ու առաջին օգտատերն է եղել: Այս մասին գրում է CNN-ի թուրքական ծառայությունը:

Նա ասել է նաև, որ եթե Համիդը ևս 10 տարի մնար սուլթանի գահին, ապա Թուրքիան կլիներ աշխարհի ամենահարուստ երկիրը: Ըստ պրոֆեսորի, Թուրքիան մասնատվեց, երբ մասնակցեց Առաջին աշխարհամարտին:

«Սուլթանը պատերազմին մասնակցելու մտադրություն չուներ: Մինչև Եմեն մերն էին աշխարհում ամենահարուստ նավթային պաշարներ ունեցող տարածքները», - ասել է թուրք պրոֆեսորը:

Սա համաշխարհային պատմության և գիտության նկատմամբ թուրքերի հավակնություններն արտացոլող առաջին հայտարարությունը չէ: Նման հայտարարություններ են հնչել բազմաթիվ թուրք մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից:

Վերջերս երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ամերիկան ոչ թե Քրիստափոր Կոլումբոսն է հայտնաբերել, այլ մուսուլմանները, որոնք Նոր աշխարհում մզկիթ են կառուցել: Իսկ թուրք պատմաբան Քադիր Մսրօղլուն էլ ասել էր, թե աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլիամ Շեքսպիրը ծպտյալ մուսուլման է եղել՝ իրական անունը Շեյխ Փիր: