23 փետրվարի 2018 - 16:29 AMT
Դե Վաալ․ Մոսկվան կփորձի ստիպել հայերին ու ադրբեջանցիներին կարգավորել ԼՂ հարցը նոր սրացման դեպքում

Ղարաբաղյան հակամարտությունն արդեն թևակոխում է գոյության 4-րդ տասնամյակը, սակայն, հուսալ, որ այն կհանգուցալուծվի, կարելի է միայն, եթե հիմնական մասնակիցները վերանայեն իրենց ռազմավարական առաջնայնությունները: Ճիշտ է, կա այլընտրանք՝ մարտական գործողությունների նոր փուլը կստիպի Մոսկվային և նրա արևմտյան գործընկերներին փորձել կարգավորում պարտադրել հայերին ու ադրբեջանցիներին: Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի հարցերի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Այսօր ղարաբաղյան հակամարտությունը միջազգային առճակատում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որտեղ երկու լավ զինված բանակ դեմ առ դեմ է կանգնած շփման գծում: Այն, ինչը 30 տարի առաջ սկսվում էր լոկ որպես վեճ շրջանի կարգավիճակի շուրջ մեկ երկրի սահմաններում, վերաճել է երկու անկախ պետությունների դիմակայության, որոնց ռազմաճակատներն անցնում են նաև սոցցանցերով, աշխարհի մայրաքաղաքներով, մտահոգում են փորձագետներին Անկարայում, Բրյուսելում, Թեհրանում ու Վաշինգտոնում»,-ասվում է փորձագետի հոդվածում, որը հրապարակվել է Քարնեգիի մոսկովյան կենտրոնի կայքում:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության տարիների ընթացքում չի փոխվել Ռուսաստանի դերը: «Շատ հայեր և ադրբեջանցիներ մինչ օրս համոզված են, որ Մոսկվան գաղտնի ղեկավարում է ղարաբաղյան հակամարտությունը: Սա ներելի մոլորություն է երկու փոքր երկրի համար, որոնք դեռ նախկին կայսրության ստվերում են»:

Ըստ Դե Վաալի, ղարաբաղյան հակամարտության առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան, ավելի ճիշտ, առանձին ուժերը Մոսկվայում, որոնք ազդեցիկ են այս կամ այն պահին, անկասկած, մանիպուլացիայի են ենթարկել հակամարտությունը, սակայն միշտ թույլ դիրքերից: Նշվում է, որ երբ ՌԴ-ում իշխանության եկավ նախագահ Պուտինը, ՌԴ դիրքորոշումը ԼՂ հարցում շատ ավելի պահպանողական դարձավ: «Պուտինը միշտ շեշտել է, որ հավասարապես գնահատում է երկկողմ հարաբերությունները և Բաքվի, և Երևանի հետ, և մտադիր չէ ստանձնել կարգավորման պատասխանատվությունը»,-ասվում է հոդվածում:

«Ի վերջո ՌԴ դիրքորոշումը հետևյալն է. մենք կցանկանայինք, որ հակամարտությունը կարգավորվեր, հատկապես, եթե դա թույլ կտա պահպանել կամ սաստկացնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում, սակայն չենք փորձի պարտադրել մեր լուծումը, քանի որ դա միայն կվնասի մեր հարաբերություններին Երևանի և Բաքվի հետ: Դա նշանակում է, որ Մոսկվան կարող է հետագայում ևս խոստումներ տալ կողմերին և նույնիսկ միլիոններ վաստակել նրանց զենք ծախելով, որը կողմերը միմյանց դեմ են օգտագործում»,-գրել է Դե Վաալը:

Դե Վաալը կարծում է, որ դրան նպաստեց 2016-ի ապրիլյան պատերազմը, երբ կողմերը ՌԴ-ին էին մեղադրում:

«ՌԴ ռազմավարությունն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը դուրս գա վերահսկողությունից, լավ հարաբերություններ պահպանել Բաքվի ու Երևանի հետ, պնդել, որ հրադադարը պահպանվի: Դրանով է պայմանավորված այդ հակամարտության շուրջ միջազգային գործակցությունը, որը հակամարտությունը համարում է անլուծելի: Այդ վարքագիծը կարելի է համարել մինի ռազմավարություն»,-գրել է փորձագետը:

Նա նշել է նաև, որ քանի դեռ ՀՀ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդները համատեղ հանգուցալուծման վրա աշխատելու պատրաստակամություն չեն դրսևորում, հանգուցալուծման, որին համաձայն կլինեն բոլոր կողմերը, դիվանագետների մեծ մասը հեռու է մնալու այդ հակամարտությունից:

«Մարտական գործողությունների ևս մեկ փուլը կստիպի Մոսկվային և նրա արևմտյան գործընկերներին փորձել կարգավորում պարտադրել հայերին ու ադրբեջանցիներին: Բայց այդ դեպքում, որպեսզի այս տխուր պատմությունն ավելի լավատեսական ավարտ ունենա, նոր մարդկային կյանքեր կզոհաբերվեն»,-կարծում է փորձագետը: